FreeStyle

Կնոջ դերը քաղաքականության մեջ ունի բազմաթիվ դրական կողմեր. Լուսինե Գեւորգյան

Լուսինե Գեւորգյանը Երեւանի «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ է:

Ծնվել է 1981 թվականին դեկտեմբերին 25-ին՝ Երեւանում: Դպրոցում գերազանց է սովորել։ Ավարտել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանը՝ ստանալով ճարտարագետի որակավորում:

2011-2012 թվականներին աշխատել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեում՝ որպես ՀԶԿ մասնագետ, հարկային տեսուչ: Որոշ ժամանակ ապրել է Բուլղարիայում եւ զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ: Աշխատել է «Մերի Քրիստ» ՍՊԸ-ում՝ որպես հսկիչ դրամարկղային մեքենաների սպասարկման բաժնի վերլուծաբան, տեղեկատվության մասնագետ:

Լուսինե Գեւորգյանը եղել է նաեւ ՀՀ ֆինանսների նախարարության Մաշտոցի հարկային տեսչության տեղեկատվության եւ վերլուծության բաժնի ավագ հարկային տեսուչ: Աշխատել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կազմակերպման և հսկողության վարչությունում, զբաղեցրել ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալի օգնական, գլխավոր հարկային տեսուչի պաշտոնը, իսկ 2016-2017 թվականներին աշխատել է «Asatryans LLC» աուդիտորական եւ խորհրդատվական ընկերությունում:

2017-2018 թվականներին եղել է «Արտ-Լար Փարթներս» ՍՊԸ վերահսկողության բաժնի ղեկավարը, հարկային խորհրդատու: 2018 թվականի սեպտեմբերի 23-ին կայացած Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքում «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակով ընտրվել է Երեւանի ավագանու անդամ։

«Ավագանու անդամն ունի լայն հնարավորություն զբաղվելու ոչ միայն քաղաքականությամբ, այլեւ իր նախընտրած գործունեությամբ: Իմ բախտը բերել է՝ ես համատեղում եմ քաղաքականությունն ու սիրելի աշխատանքս: Աշխատում եմ «Արմենիա Վայն Գործարան»-ում եւ «Դիջիթեյն» ընկերությունում: Առաջին հայացքից շատ տարբեր ոլորտներ են, սակայն կարողանում եմ համատեղել, որովհետեւ բնույթով նման են: Ընկերությունների հարկային խորհրդատուն եմ, զբաղվում եմ հարկերով, ֆինանասներով, եւ ավագանու աշխատանքն այս դեպքում միայն շահում է: Պատճառն այն է, որ իմ մասնագիտական որակները ներդնում եմ համայնքի կառավարման գործում՝ հիմնականում աշխատելով Երեւանի բյուջեի հետ»,-«Ասպարեզի» հետ զրույցում ասում է Լուսինե Գեւորգյանը:

Լուսինեն նաեւ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Կառավարման ամբիոնի դասախոս է: Ակտիվորեն զբաղվում է հասարակական եւ կամավորական գործունեությամբ: Ունի մեկ դուստր:

Բազում առաջարկների եւ ծրագրերի հեղինակ է։ Կարծում է՝ եթե վերցրել է ավագանու մանդատը, ապա պարտավոր է աշխատանքդ կատարել պատշաճ: «Հիմնականում զբաղվում եմ ֆինանսներով: Հեղինակային նախագծերս շատ են, կապված են թե գույքահարկի, թե 44-օրյա պատերազմից հետո կորած եւ նվիրաբերված ավտոմեքենանրի, թե երաժշտական դպրոցների ուսուցիչների աշխատավարձերի բարձրացման եւ այլ հարցերով: Շատ ակտիվ մասնակցություն եմ ունեցել Երեւանում գործող շրջիկ առեւտրի կենտրոնների նախագծի մշակման, ինպես նաեւ շրջածախ առեւտրի ծրագրերում: Վերջին շրջանում նաեւ Արցախի մեր գործընկերների՝ Ստեփանակերտի քաղաքապետի եւ ավագանու անդամների հետ ենք կապի մեջ: Երեւանում հանդիպում ենք ունեցել ավագանու անդամների հետ, ինչպես նաեւ Zoom ծրագրով քաղաքապետի հետ, որի ժամանակ արձանագրել ենք առկա խնդիրներն ու նախագծել դրանց լուծման ծրարգրերը»,-թվարկելով նախագծերը՝ ասում է ավագանու կին անդամը:

Լուսինե Գեւորգյանը պատմում է նաեւ, որ նախորդ տարի՝ տավուշյան պատերազմի ընթացքում, որպես կամավոր, մեկնել է Տավուշ, այնտեղից վերադառանլուց հետո՝ նույն թվականի օգոստոսին, գումար հատկացրել համայնքին՝ խնդիրների կարգավորման համար:

Տիկին Գեւորգյանի խոսքով՝ եթե պատերազմը չլիներ, ավելի շուտ կիրականցնեին ծրագիրը, երկու անգամ 100 մլն դրամ են փոխանցել Ստեփանակերտին: Արդեն երկու անգամ է, ինչ հրավիրվել է կանանց մոտիվացիոն զրույց-հանդիպումների, որոնք կազմակերպել է Եվրոպայի միությունը: Առաջինը տեղի է ունեցել Երեւանի քաղաքապետարանում, որտեղ ներկա են եղել Վայոց ձորի կանայք՝ ուսուցիչներ, ձեռներեցներ: Ներկանները եղել են իրենց ոլորտի առաջատարներ, սակայն խուսափում են զբաղվել քաղաքականությամբ:

«Ես իմ օրինակով ապացուցեցի եւ պատմեցի, թե ինչպես կարող է երիտասարդ կինը զբաղվել քաղաքականությամբ, որը ոչ մի կերպ չի վնասում նրա իմիջին, առօրյային, ընտանիքին, երեխաններին: Հաջորդ հրավերս եղավ Էջմիածին քաղաքից, որի քաղաքապետը կին է, միակ կին քաղաքապետը ՀՀ-ում: Այն նույնպես նմանատիպ հանդիպում էր գորածարար կանանց հետ, որոնք հարցեր ունեին կապված քաղաքականության հետ՝ արդյո՞ք քաղաքականությունը չի վնասում ինձ, իմ առօրյային: Կարծում եմ՝ այդ հանդիպումն էլ արդյունավետ անցավ, հուսամ՝ մոտիվացրել եմ շատերին», — ավելացնում է Լուսինե Գեւորգյանը։

Ավագանու անդամը կարծում է, որ առաջիկա ՏԻՄ ընտրություններին կանայք կառաջադրվեն, առաջադրվածները կընտրվեն։ «Կնոջ դերը քաղաքականության մեջ ունի բազմաթիվ դրական կողմեր», — ընդգծում է նա։

Լուսինե Գեւորգյանի խոսքով՝ ավագանու դահլիճում կնոջ ներկայությունը զսպօղակի պես մի բան, հատկապես նիստերի թեժ քննարկումների ժամանակ: Ավագանու անդամը միաժամանակ հիշում է թեժ քննարկումներից մեկը՝ Բարգավաճ Հայաստան կուսակցությունից Արման Աբովյանի, քաղաքապետի եւ ընդդիմադիր գործիչներից մեկի միջեւ:

«Կնոջ ներկայությունը պարտադիր է քաղաքականությունում, գենդերային անհավասարությունն անընդունելի է: Վստահաբար, կանայք աշխատում են շատ ավելի մոտիվացված, ավելի շատ նորարություններ են բերում, քան տղամարդիկ, քանի որ տղամարդիկ ավելի պահպանողական են, իսկ կանայք, հատկապես երիտասարդ՝ նորարար են եւ համարձակ: Կանայք պարզապես չպետք է խոսափեն քաղաքական գործընթացներում ներգրավված լինելուց: Կանայք պետք է չվարանեն սեփական ուժերին ապավինելուց», — կարծում է ավագանու անդամը:

Ըստ Լ․Գեւորգյանի՝ յուրաքանչյուր կին ունի բավարար ուժ՝ իրագործելու այն, ինչ ուզում է, պարզապես դրա մասին ինքն էլ չգիտի: «Երբ գալիս է պահը, որ պետք է ինքներս մեզ օգնենք, այդ թաքնված ուժը գործում է: Մի՛ վախեցեք եւ գնացեք ձեր երազանքի ետեւից, եթե դա քաղաքականությամբ զբաղվելն է, ապա անպայման զբաղվեք դրանով», — եզրափակում է նա։

Նատալի Մկրտչյան

Джерело: Asparez

Подписывайтесь на наши соцсети: Telegram | YouTube | Facebook | YouTube