FreeStyle

Ուկրաինայի տարածքային ամբողջականության դեմ ցանկացած ոտնձգություն դատապարտելի է․ Մարատ Հակոբյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ուկրաինահայ վերլուծաբան Մարատ Հակոբյանը։

— Հայաստանում մեկնարկել է նախընտրական քարոզարշավը, որին դուք անկասկած հետևում եք։ Ի՞նչ դիտարկումներ ունեք՝ հատկապես այն կոնտեքստում, որ պայքարը ոչ թե գաղափարական ու ծրագրային դրույթների շուրջ է, այլ կոմպրոմատների ու վիրավորանքների։

— Սա, ցավոք, սպասելի էր: Տեղի է ունենում նորի և հնի բախում, քաղաքական ուժերը ներկայացնում են տարբեր դարաշրջանների և աշխարհայացքի մարդկանց: Այս իրավիճակում դա չէր կարող չլինել:

— «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը Սոլովյովի հետ հարցազրույցում հայտարարել է, որ Ղրիմը ռուսական է, թեպետ նրա առաջին մտքից թվում է, թե նկատի ունի, որ այն հայկական է։ Ի՞նչ կասեք նման հայտարարության մասին։ Կիևում դրան ինչպե՞ս են վերաբերում։

— Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ցանկացած ոտնձգություն արժանի է խիստ դատապարտման: Քաղաքական գործիչները պետք է սովորեն հարգել միջազգային կանոնները և չգործել այնպես, ինչպես նրանք չէին ցանկանա, որ իրենց հետ վարվեն։ Նման հայտարարություններն աննկատ չեն անցնում և իմիջին հարված են հասցնում։

— Ձեր դիտարկմամբ՝ խորհրդարանում պե՞տք է հայտնվեն արևմտամետ ուժեր։ Կա՞ դրա անհրաժեշտությունը։

— Քաղաքական սպեկտրում արդեն տեսանելի են ուժեր, որոնք ձգում են դեպի եվրոպական արժեքներ և քարոզում բարեփոխումներ: Ես կառանձնացնեի «Շիրինյան-Բաբաջանյան» ժողովրդավարների դաշինքը, Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցությունը, նույն «Քաղաքացիական պայմանագիրը»: Հետաքրքիր է նայվում նար Ազգային ժողովրդավարական բևեռը, «Ազատ հայրենիք» դաշինքը և Լիբերալ կուսակցությունը:

— Ի՞նչ սպասել Կիև-Երևան հարաբերություններում ընտրություններից հետո։

Եթե կարճ, ապա այսպես ձևակերպեմ՝ գնդակը Երևանի դաշտում է: Եթե ​​երկրի քաղաքական ղեկավարությունը ցանկանում է ունենալ լավ և դինամիկ զարգացող հարաբերություններ, ապա կկարողանա: Եթե վերաբերմունքները շարունակեն մնալ այնպիսին, ինչպիսին, որ հիմա է, ապա ամենայն հավանականությամբ, մենք կշարունակենք դիտարկել լճացում: