FreeStyle

Կիեւում պարգևատրվել է Հայաստանի դեսպանը

Կիևում կայացել է Ուկրաինայի հայերի միության 2021 թվականի առաջին համաժողովը, — տեղեկացնում է AnalitikaUA.net-ը:

Համաժողովի հանդիսավոր մասում տեղի է ունեցել Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանի պարգևատրումը` «Սփյուռքի ակտիվ գործիչ» շքանշանով հայ-ուկրաինական հարաբերությունների զարգացման գործում ներդրած ավանդի համար:

Պատվավոր մրցանակը հանձնել է Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը:

«Hyatt» հյուրանոցում տեղի ունեցած համաժողովի գլխավոր թեմաներն էին Կիեւում եւ Երեւանում Ուկրաինայի հայերի միության օպերատիվ շտաբների աշխատանքի արդյունքները, Երեւանում սքեյթ-այգու բացումը, Ուկրաինայում եկեղեցիների կառուցումն ու վերականգնումը, խաչքարերի տեղադրումը, այս տարի Ուկրաինայի հայերի միության 20-ամյակի տոնակատարությունը եւ այլ հարցեր:

Հայ Առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը միջոցառման մասնակիցներին ներկայացրել է Կիևում և Լուցկում եկեղեցիների կառուցման ընթացքը:

Տարածաշրջանային համայնքների ղեկավարները, հոգևորականները և դիվանագետները քննարկել են Ուկրաինայի հայ երիտասարդների միության, Ուկրաինայի հայ բժիշկների միավորման, Ուկրաինայի հայերի միության պատմամշակութային կոմիտեի նախագծերը:

Միջոցառման եզրափակիչ մասում համաժողովի պատվիրակները ամփոփել են արդյունքները և քննարկել կազմակերպության աշխատանքային նախագիծը:

ինչպես հայտնի է, Ուկրաինայի հայերի միությունը միակ համաուկրաինական կազմակերպությունն է, որ միավորում է երկրում գործող բոլոր հայկական կառույցները: