FreeStyle

«Ինչպես ամեն ծառ իր արմատներից է սնվում՝ այնպես էլ ազգը իր նախնիներից…». Մարգարիտա Պետրոսյան

Ամեն այցելուի գեղեցիկ ու երջանիկ տեսքը իմ աշխատանքի գերագույն հաճույքն է, ընդգծում է UA-Report-ի հետ զրույցում «Margo» հեղինակային նորաձևության տան հիմնադիր-տնօրեն Մարգարիտա Պետրոսյանը:

32 տարի ջութակի ու երաժշտության հետ կապված լինելուց հետո Մարգարիտան հրաժեշտ տվեց պետական սիմֆոնիկ նվագախմբին և անցավ հագուստ ստեղծելու գործին: Մարգարիտան ամեն ինչ անում է միայնակ՝ նկարել-մոդելավորելուց մինչև զգեստը կարել ու ասեղնագործել:

Մարգարիտա Պետրոսյանը սկսեց կանացի զգեստների միջոցով վերակենդանացնել միջնադարյան Հայաստանի մշակութային ժառանգությունը: Դիզայները համագործակցում է Ուկրաինայի, Իսրայելի և Ֆրանսիայի գործընկերների հետ:

Նա համոզված է, որ վաղուց արդեն կոտրված է այն կարծրատիպը, որ հայկականը նորաձև և որակյալ չէ: Թուրքական ապրանքները կարող են փոխարինվել տեղական արտադրության, որակով անհամեմատ լավ ապրանքներով:

Լրագրողները զրուցել են դիզայներ Մարգարիտա Պետրոսյանի հետ:

– Ինչպե՞ս ստացվեց, որ երաժիշտ Մարգարիտա Պետրոսյանը դարձավ դիզայներ: Հարգելի Մարգարիտա, մեր զրույցի սկզբում մի փոքր պատմեք Ձեր մասին՝ հատկապես անդրառնալով հագուստի մոդելավորման բնագավառում Ձեր գործունեությանը, ե՞րբ և ինչպե՞ս եք սկսել դրանով զբաղվել:

– Երևի մանկուց։ Ամբողջ մեծ ընտանիքի սիրված երեխան էի: Հայրս գործուղումներից գեղեցիկ զգեստներ էր բերում, տատիկս կարում, ասեղնագործում, մայրս հիանալի գործում էր: Երբ առաջին զգեստը դերձակի մոտ ինձ համար կարեցին՝ 10 տարեկան էի: Այդպես սովորություն դարձավ՝ ամեն բեմ դուրս գալը մի նոր զգեստ էր նշանակում։ Երբեմն իմ ուզածը, երազածը չէր ստացվում՝ դերձակները բազմիցս հրաժարվում էին՝ «սա չի լինի, այս գործվածքից անհարմար է» և այլն։ Ուստի ստիպված էի պրոֆեսիոնալ մանրամասները ուսումնասիրել և դերձակին այցելելուց ունեի արդեն պատրաստի էսքիզ՝ բացատրություններով:

Իհարկե այս ամենը զուտ սիրողական։ Իսկ երբ ֆիզարձակուրդում երկու տարով ստիպված կտրվեցի բուռն համերգային և շրջագայություններով լի կյանքից, որոշեցի փորձել ինքս մի բան կարել։ Ի դեպ՝ առաջին փորձերը դուստրերիս զգեստներն էին,ինչից հետո հասկացա` այդքան էլ հեշտ չէ և սովորել է պետք։ 2013- ից մինչ օրս սովորում եմ, թվում է թե ինչ մի դժվար գիտություն է կար ու ձևը, բայց իրականում անթերի հագուստ ստեղծելու համար և՛ գիտելիք, և՛ փորձ է հարկավոր։

– Մարգարիտա, կպատմեք Ձեր՝ «Ռենեսանս» կոչվող նախագծի մասին: Կպարզաբանեք, թե ինչու՞ եք այն հենց Վերածնունդ անվանել։

– Անվանումը երկակի իմաստ ունի։ Նախևառաջ նախագծի գլխավոր հերոսները Հայկական Վերածնունդի մանրանկարիչները, քանդակագործներն ու ճարտարապետներն են: Նրանց ստեղծած գլուխգործոցներով է ոգեշնչված ամեն մի զգեստը։

Աբրահամի, Ծերուն Ծաղկողի, Մոմիկի և շատ շատերի այսպես ասված «նախշազարդերը» ,որոնք կրում են իրենց մեջ շատ խորը իմաստ։ Թևավոր առյուծներ, վիշապներ, թռչուններ և ձկներ, նույնիսկ ամեն մի ծաղկաթերթիկը ոչ միայն գեղագիտական գլուխգործոց է, այլ նախնիներից մեզ հասած աշխարհընկալում։

Ինչպես ամեն ծառ արմատներից է սնվում նոր տերև և բույս տալու համար՝ այնպես էլ ազգը իր նախնիներից։ Այս նախագծով ես փորձեցի դարերի խորքից մեզ հասած գանձերին նոր շունչ տալ, բաց թողնել դրանք թանգագանների ապակու տակից և դարձնել մեր ամենօրյա կյանքի մի անբաժան մաս։ Այսպես ասած «վերածնել»։ Այդ զգեստները կրելու համար հատուկ առիթ և միջավայր պետք չէ, թե աշխատատեղում, թե լսարանում, թե միջոցառման գնալուց դրանք միշտ տեղին և ներդաշնակ են, նորաձևության թրենդներին համահունչ։ Սա է վերածմունդ անվանելու երկրորդ իմաստը։

– Ուկրաինական լրատվամիջոցներից մեկի հետ հարցազրույցի ժամանակ նշեցիք, որ Ձեր կողմից ստեղծված հագուստներն այն կանանց համար են, ովքեր, թեև միմյանցից բավականին տարբեր են, բայց միաժամանակ միավորված են հիասքանչ լինելու ցանկությամբ: Կասեք, ո՞րն է «Margo» բրենդի ամենագլխավոր առանձնահատկությունը:

– Առանձնահատկությունը սկզբունքորեն ուրիշ մոտեցումն է։

Իմ արվեստանոցում ուշադրության կենտրոնում կինն է՝ յուրաքանչյուր ինձ այցելած կինը։

Իմ ստեղծած զգեստը ծառայում է մի նպատակի՝ այդ կնոջ յուրահատուկ գեղեցկությունը ընդգծելու համար։
Անթերի գեղեցիկ կին չկա, չկա նաև տգեղ կին:Բոլորս էլ Աստծուց գոնե մի քանի նվեր ստացել ենք, ուղղակի ոչ բոլորս ենք կարողանում մեր գեղեցկությունը տեսնել և ճիշտ մատուցել։ Մեր հայ կնոջ հոգսերով ու ինքնազոհաբերությամբ լի առօրյան հաճախ հնարավորությոն էլ չի թողնում կենտրոնանալ ու հասկանալ, թե ինչն է նրան տարբերում, որն է միմիայն նրան բնորոշ գեղեցկությունը։

Ես փորձում եմ իմ ամբողջ գիտելիքները ճաշակը և փորձը ծառայեցնել այդ նպատակին։

– «Margo» բրենդի հագուստներին յուրօրինակ հմայք են հաղորդում հատկապես այն, որ գրեթե բոլոր աշխատանքներում գերիշխող է մեր ազգային ոճը, ձևերը, գույները, հայկական զարդանախշերը: Ո՞վ է այս հարցում Ձեր լավագույն խորհրդատուն: Կպատմեք մի փոքր Ձեր ստեղծագործական թիմի մասին:

– Շատ դիպուկ արտահայտություն էր, որովհետև ես չունեմ աշխատող, արտադրամաս և այլն, ամեն ինչ գերադասում եմ անել ինքս, բայց նաև ունեմ գործընկերներ, որոնց դերը այս ամենում դժվար է գերագնահատել։ Ես խորհին շնորհակալ եմ օգնության համար նկարիչ, դերասան ԵՃՇՊՀ -ի դասախոս Սուքիաս Թորոսյանին, միջնադարագետ, պատմական գիտությունների թեկնածու, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենդարանի և ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող Հայկ Հակոբյանին, քրոնագետ պատմաբան և դասախոս Վարդան Խաչատրյանին, որը իր ամբողջ կյանքը նվիրել է Հայկ Նահապետից մինչ այսօր մեր ազգի ստեղծած դարերից եկած ինֆորմացիան բացահայտելու վերլուծելու և հասկանալուն։

Պարոն Խաչատրյանի օգնությամբ այժմ ես համալրում եմ «Վերածնունդ» հավաքածուի մոդելների անձնագրերը։
Եւ իհարկե իմ շատ սիրելի և արդեն հարազատ դարձած ուկրաինուհի դիզայներ — Վալերիա Գորոդնիչան, որի հետ մշակում ենք ասեղնագործության ծրագրերը։

– Հիմնականում ինչպե՞ս եք իրականացնում «Margo» ապրանքանիշի արտադրանքի վաճառքը: Արտերկրից պատվերներ ստանու՞մ եք:

– Ոնց ասացի քիչ առաջ՝ ես չունեմ արտադրամաս և լայնածավալ արտադրանք՝ աշխատում եմ մենակ և անհատական։ Պատվիրատուներն էլ ինձ մասին իրարից իմանալով են գալիս, այդպես լուրը հասավ նաև արտերկիր՝ ունեցա հեռակապով զգեստ ստեղծելու շատ հետաքրքիր փորձ։ Օրինակ Լոս Անջելեսում Wine Fest ամենամյա փառատոնի բացման համար Ծերուն Ծաղկողի ավետարանից նախշազարդով ասեղնագործած կորսետով զգեստ կարեցի բացառապես օնլայն։

– Գիտեմ, որ բազմաթիվ համագործակցության առաջարկներ եք ստանում նաև արտերկրից: Հետաքրքիր է, ի՞նչ ծրագրեր ունեք մոտակա ժամանակներս:

– Մոտակա պլաններում «Վերածնունդ»-ը համալրել նոր մոդելներով՝ աշուն ձմեռ և ամանորյա։ Նաև կլինի համապատասխան աքսեսուարների տեսականի։

Դեռ անցած գարնանն էի պլանավորել մեկնել անհատական ներքնազգեստի ստեղծման դասընթացների, ցավոք, համաճարակը խանգարեց: Հույս ունեմ սահմանները ի վերջո կբացեն և իմ սիրելի պատվիրատուները կունենան բացառիկ հնարավորություն կրել անհատական չափերով ստեղծված ներքնազգեստ։

– Համավարակի օրերին՝ արտակարգ դրության պայմաններում շատ արվեստագետների մոտ ծնվում ու կյանքի են կոչվում նոր գաղափարներ ու աշխատանքներ: Հետաքրքիր է ստեղծված իրավիճակը ի՞նչ հետք թողեց ձեր աշխատանքների վրա:

– Գիտեք, ցանկացած սթրեսային իրավիճակ ստիպում է վերանայել արժեհամակարգը, ևս մեկ անգամ զտել, հասկանալ որն է կարևորը, որը երկրորդականը։ Ի վերջո երջանիկ լինելու համար մեզ այնքան քիչ բան է պետք, բայց արի ու տես որ մենք էլ չենք նկատում, թե ինչպես է մեր առօրյան լցվում ունայնությամբ։

Ես, օրինակ, հասկացա, որ մի որակյալ, գեղեցիկ, իմ կառուցվածքին և ապրելակերպին համապատասխան զգեստը հաջողությամբ փոխարինում է 7/8 գուցե ևս շատ գեղեցիկ, նորաոճ և շատ թրենդային իրերին, որոնք զբաղեցնում էին իմ զգեստապահարանի և բյուջեի 60 տոկոսը։ Գուցե ժամանա՞կն է քանակի և որակի պայքարը բերել նպատակայնության դաշտ:

– Չնայած կարճ ժամանակահատվածին` ձեր հիմնած «Margo» հեղինակային նորաձևության տունը արդեն մեծ ճանաչում ունի, պատվերներ եք ստանում ոչ միայն Հայաստանի տարբեր վայրերից, այլ նաև արտերկրից: Կասեք, ո՞րն է ձեր հաջողության գրավականը:

– Այդ հարցին երևի ավելի ճիշտ կլիներ MARGO կրող և պատվիրող կանայք պատասխանեին։

Գուցե այն փաստը, որ ես ինքս եմ գործվածքն ու երազանքը ձեռքիս, տարիներ շարունակ փորձել իմ ուզած կերպարը ստանալ։ Գուցե այդ է պատճառը, որ հասկանում եմ, ինչ սպասումներով են գալիս ինձ մոտ, որ գիտեմ դառը հիասթափության ցավը: Ամեն այցելուի գեղեցիկ ու երջանիկ տեսքը իմ աշխատանքի գերագույն հաճույքն է, ի վերջո։