FreeStyle

«Մեզ բոլորիս պետք է համահայկական միասնականություն». Ուկրաինայի հայերի միությունը հայտարարություն է տարածել Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ

Կիևում նոյեմբերի 10-ին կայացավ Ուկրաինայի Հայերի միության Կիևի և Երևանի օպերատիվ շտաբների համատեղ նիստը՝ Հայաստան օգնության տրամադրման և կազմակերպման հարցով:

Ինչպես տեղեկացնում է AnalitikaUA.net-ը, հայրենակիցներին օգնություն տրամադրելու ուղղությամբ աշխատանքների կորդինացման քննարկումներից բացի նիստի մասնակիցները՝ Արցախում և Հայաստանում վերջին իրադարձությունների վերաբերյալ հայտարարությամբ հանդես եկան:

Հրապարակում ենք հայտարարության տեքստը՝
«Ուկրաինայի Հայերի Միությունը կոչ է անում Հայաստանի քաղաքական ուժերին պահպանել կայունություն, իսկ բոլոր անհրաժեշտ քայլերն իրականացնել երկրի Սահմանադրությանը համապատասխան: Մեզ բոլորիս պետք է համահայկական միասնականություն՝ հաղթանակին հասնելու համար:

Արցախում ռազմական գործողություններ սկսելու առաջին իսկ օրվանից ու մինչ օրս՝ Ուկրաինայի հայերի միության կողմից հսկայական աշխատանք է տարվել համապատասխան օժանդակություն ցուցաբերելու ուղղությամբ: Մենք շարունակելու ենք աջակցություն ցուցաբերել այն մարդկանց, որոնք տուժել են պատերազմի հետևանքով:

Մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում սրտացավ այն բոլոր քաղաքացիներին, ովքեր անտարբեր չմնացին մեր պատմական հայրենիքի համար դժվար օրերին և իրենց օգնությունը ցուցաբերեցին: Մեր միասնական աշխատանքի շնորհիվ մենք կարողացանք օգնել պատերազմի հետևանքով իրենց տները կորցրած մարդկանց:

Մեր բոլոր հայրենակիցներին կոչ ենք անում պահպանել հանգստություն և չկորցնել ոգու արիությունը: Խնդրում ենք լինել ուշադիր և չտրվել սադրանքների»:

Նիստը, որ անցկացվեց կազմակերպության ղեկավար Վիլեն Շատվորյանի գլխավորությամբ, հատուկ ուշադրություն հատկացվեց Ուկրաինայում բնակվող հայրենակիցների անվտանգության խնդրին: Առանձնահատուկ շեշտվեց օրենքներին հետևելն ու պրովոկացիաներին ոչ մի կերպ չենթարկվելու անհրաժետությունը:

Միջոցառմանը ներկա էին Ուկրաինայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը և Հայ Առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս ​​Հովհաննիսյանը: