FreeStyle

Չեմ կարծում, որ թուրքերը հիմա «Բայրաքթարների» վրա ուկրաինական շարժիչներ կտեղադրեն. ուկրաինացի փորձագետ

«Կասկածում եմ, որ թուրքերը ռիսկի կգնան ու «Բայրաքթարների» վրա ուկրաինական շարժիչներ կտեղադրեն», — այս մասին AnalitikaUA.net-ի հետ հարցազրույցում ասել է ուկրաինացի փորձագետ Մաքսիմ Ցարենկոն:

Խոսելով Ուկրաինայի և Թուրքիայի միջև կնքված ռազմական համագործակցության հուշագրի մասին՝ նա նշեց, որ չի կարծում, թե տվյալ պահին ուկրաինա-թուրքական ռազմական համագործակցությունը կարող է ազդել Ուկրաինայի քաղաքական դիրքորոշման կամ էլ Արցախում ռազմական գործողությունների սցենարի վրա: «Ուկարինայի ռազմարդյունաբերությունն այդքան էլ օպերատիվ չէ», — ընդգծեց նա՝ ավելացնելով որ այս ոլորտն Ուկրաինայում ի զորու չէ այնքան արագ ռազմական արտադրանք տալ, որպեսզի դա որևէ կերպ կարողանա ազդել Արցախում հակամարտության ճակատագրի վրա:

Անդրադառնալով այն հարցին թե արդյո՞ք այժմ թուրքական «Բայրաքթարների» վրա դրվում են ուկրաինական արտադրության շարժիչներ, նա շեշտեց, որ կասկածում է, որ թուրքերը կգնան այդ ռիսկին և իրենց անօդաչուների վրա կտեղադրեն ուկրաինական արտադրության շարժիչներ: «Ամեն դեպքում Ուկրաինայում նման տեղեկատվություն հրապարակայնորեն ո՛չ հայտնվել է, ո՛չ էլ խոսակցություններ կան այդ մասին: Փորձարկված նմուշներն ու սերիական արտադրությունը դրանք տարբեր բաներ են, հասկանում եք»:

Պատասխանելով այն հարցին, թե ե՞րբ կսկսվի Ուկրաինայում ԱԹՍ-ների հավաքման գործընթացը, նա պատասխանեց, որ ներկա պահին այդ մասին դատողություններ անելը դժվար է: «Ուկրաինական ռազմական արդյունաբերության վիճակն այնպիսին է, որ իրական արտադրություն կազմակերպելը, ոչ թե պատրաստի մասերից ինչ-որ բան հավաքելը, հնարավոր է միայն որոշակի ժամանակ անց: Ուկրաինայի ռազմական արտադրությունը շատ է կախված ներկրումներից, հետևաբար այս կամ այն մասի վրա դրված արգելանքը կազդի կոնկրետ արտադրության վրա», — եզրափակեց Մաքսիմ Ցարենկոն: