FreeStyle

Հայկական զգեստներ, որ անձնագիր ունեն. միջնադարյան գանձերը և 21-րդ դարի նորաձևությունը

Թե ինչպե՛ս ջութակահարը դարձավ դիզայներ` ինքն էլ չհասկացավ: Այսինքն՝ հասկացավ, Երաժշտական ու համերգային բուռն կյանքից, շրջագայություններից հետո ֆիզարձակուրդում տանը նստելն ու միայն երեխա խնամելը Մարգարիտայի համար չափազանց խաղաղ կյանք էին, հաղորդում է 1lurer.am.

Մարգարիտա Պետրոսյան (դիզայներ) — Բավականին ծանր էր հոգեբանորեն, ու էդպես ես հիշեցի, որ ունեմ կարի մեքենա՝ վերևի դարակներում, հանեցի փորձեցի, շատ դուր եկավ: Իհարկե ջութակին, երաժշտությանը ոչ մի բան չի փոխարինի, դա մի ուրիշ աշխարհ է, որտեղ ես մեծացել եմ, հասունացել եմ, դարձել եմ մարդ:

Ամեն մեկը չի, որ համարձակություն կունենա կամ ամեն մեկին չի, որ հաջողվում է 35-ից հետո մասնագիտություն փոխել, բայց այս դեպքում ջութակի նուրբ լարերին փոխարինեցին ավելի նուրբ՝ մետաքսի ու այլ թելերը: Կարևորը՝ տանն անգործ չնստելն ու մի բան ստեղծելն էր: 32 տարի հոգով, սրտով, ֆիզիկապես ջութակի հետ ու երաժշտության հետ կապված լինելուց հետո Մարգարիտան հրաժեշտ է տվել պետական սիմֆոնիկ նվագախմբին ու անցել հագուստ ստեղծելու գործին:

Մարգարիտա Պետրոսյան — Միշտ սիրել եմ գեղեցիկ հագնվել, տարբերվել:
Եվ նպատակ դարձավ՝ ստեղծել հագուստ այն կանանց համար, որոնք ուզում են տարբերվել: Առաջին փորձից մինչև այսօր 7 տարի է անցել:

Նրա ստեղծած զգեստները հասնում են Միացյալ Նահանգներ, Եվրոպա՝ հատուկ պատվերներով: Մինչ օրս զերծ է մնացել խանութ բացելուց, ինքն իր պատվիրատուներն ունի:

Մարգարիտա Պետրոսյան — Իմ նպատակն էր ստեղծել ժամանակակից, հարմարավետ հագուստ, որ մեր պահանջներին համապատասխան լինի, կարողանան հագնել թե՛ առօրյայում, թե՛ երեկոյան, ոչ տարազ, ժամանակակից հագուստ, բայց նա ունենա մեր պատմության հետ կապված նախշ, ասեղնագործություն: Ի վերջո ես էդ ամեն ինչը վերածեցի ասեղնագործության, որովհետև դա ավելի հավերժ է:

Մարգարիտայի ստեղծած զգեստների անձնագիրը դարձավ հայկական զարդանախշը: «Վերածնունդ» շարքի յուրաքանչյուր զգեստ այսպիսի անձնագիր էլ ունի, որը նկարագարում է նախշերի բոլոր մանրամասները: (Ավելի շատ լուսանկարներ կգտնեք այստեղ)

Մարգարիտա Պետրոսյան — Ներկայացված են մեր մանրանկարչության, քանդակագործների Վերածննդի դարաշրջանի ամենագեղեցիկ նմուշները՝ ասեղնագործած: …Սա ասեղնագործած է Ծերուն Ծաղկողի ավետարանից զարդանախշեր, ի դեպ, իր օրիգինալը գտնվում է Էրմիտաժում:

Ինչո՞ւ պետք է իտալացիները Վերածննդի դարաշրջանի թեման այդքան զարգացնեն, դրա վրա արտադրություն կառուցեն, իսկ մենք հայկական այդքան գեղեցիկ զարդանախշերն անտեսենք,- հարցնում է Մարգարիտան:

Մարգարիտա Պետրոսյան — Ինձ շատ վաղուց գերել էին մեր միջնադարյան մանրանկարչությունները: Էնքան հետաքրքիր են, խորհուրդ են պարունակում… նույն վիշապները, թևավոր առյուծները՝ շատ հետաքրքիր են: … Հայաստանում մենք չենք կարողանում մեր ունեցած պատմամշակութային գանձերը պահպանել, հավաքել, զարգացնել:

Մարգարիտան համագործակցում է նկարիչների ու պատմաբան-հնագետների հետ, որոնք օգնում են գտնել համացանցում բացակայող տեղեկությունները: Ամեն մի նախշ իր խորհուրդն ունի, անգամ հասնում է մինչև հեթանոսական Հայաստան: Մարգաիրտան ամեն ինչ անում է միայնակ՝ նկարել-մոդելավորելուց մինչև զգեստը կարել ու ասեղնագործել: Դա է պատճառը, որ երբեմն մեկ զգեստի ստեղծումը, հատկապես՝ հարսանեկան, գուցե մինչև մեկ ամիս տևի: Երբեմն 40 տոկոսը ձեռքով է կարում, որպեսզի զգեստը նրբագեղ լինի, հայեցի, ժամանակակից ու հարմարավետ: