FreeStyle

Ուկրաինական լրատվամիջոցները ակտիվ լուսաբանում են հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունը. Սահակաշվիլին կարծիք է հայտնել

Ուկրաինական լրատվամիջոցները շարունակում են լուսաբանել Ադրբեջանի և Հայաստանի սահմանին տեղի ունեցող իրադարձությունները: Այս մասին տեղեկացնում է AnalitikaUA.net-ը:

Ուկրաինական հեռուստաալիքներով քննարկումներ են գնում ադրբեջանա-հայկական սահմանին ծավալվող ռազմական գործողությունների և երկրի ԱԳՆ-ի՝ այս հարցի վերաբերյալ ցուցաբերած դիրքորոշման մասին: Ուկրաինայի ԱԳՆ-ի արտահայտած դիրքորոշման վերաբերյալ «Украина 24» հեռուստաալիքով հեռարձակվող Տիգրան Մարտիրոսյանի հեղինակային հաղորդաշարի ժամանակ իր կարծիքն է ասել նաև Ուկրաինայի Բարեփոխումների Ազգային խորհրդի գործադիր կոմիտեի ղեկավար Միխայիլ Սահակաշվիլին:

Անդրադառնալով ուկրաինական դիվանագիտությանը, վերջինս նկատել էր, որ այն մեծ ավանդույթներ ունի և ինքն անձամբ լինելով ուկրաինական դիվանագիտական դպրոցի շրջանավարտ լավ ծանոթ է իրավիճակին: Միխայիլ Սահակաշվիլին համոզված է, որ Ուկրաինան Հարավային Կովկասի գերտերություն դառնալու բոլոր շանսերն ունի: Իր հերթին հեռուստալրագրող Տիգրան Մարտիրոսյանը Ուկրաինայի ԱԳՆ-ի արձագանքը որակել է «մեղմ ասած ոչ կոմպետենտ և ոչ պրոֆեսիոնալ»:

Ուկրաինահայ քաղաքագետ Մարատ Հակոբյանը նկատում է, որ ուկրաինական ԶԼՄ-երը սահմանային լարվածությունը ընդհանուր առմամբ բազմակողմանի են լուսաբանել, ինչը հատուկ չէ այս թեմայի նախկինում արված լուսաբանումներին: «Ի տարբերություն արտաքին գործերի նախարարությանը, լուսաբանումը լրատվամիջոցների կողմից բավականին հավասարակշռված է», — նշել է Հակոբյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ուկրաինայի Հայերի միության տեսակետը «НАШ» հեռուստաալիքի եթերում ներկայացրել էր միության գործադիր տնօրեն Հովակիմ Հարությունյանը:

Կայքը տեղեկացնում է նաև, որ Ուկրաինայի ԱԳՆ-ի՝ ադրբեջանա-հայկական սահմանին ծավալված գործողությունների վերաբերյալ դիրքորոշումը դատապարտող հայտարարություններով էին հանդես եկել Գերագույն Ռադայի պատգամավորներ Դարյա Վոլոդինան և Անտոն Պոլյակովը, Հայաստանի Հանրապետության հետ միջխորհրդարանական կապերի խմբի ղեկավար Արտեմ Դմիտրուկը: Առանձին հայտարարությամբ հանդես էր եկել նաև Ուկրաինայի հայերի միությունը:

Ինչպես հայտնի է Ուկրաինայի ԱԳՆ-ն հանդես էր եկել հայտարարությամբ, որ կողմ է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, չնայած որ Հայաստանի հետ սահմանին ռազմական գործողությունների նախահարձակ կողմը Ադրբեջանն էր և հարձակումն իրականացվել էր ոչ թե Արցախի, այլ Հայաստանի հետ սահմանին: