FreeStyle

Հայաստանից վեցերորդ հատուկ չվերթով 140 ուղևոր է տեղափոխվել Ուկրաինա

Հունիսի 20-ին վեցերորդ հատուկ ավիաչվերթով Հայաստանից Ուկրաինա է ժամանել 140 ուղևոր, հայտնում է AnalitikaUA.net-ը:

Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի դեսպանությունից պարբերականին հայտնել են, որ Հայաստանից չվերթով Ուկրաինա է մեկնել 140 ուղևոր, որոնցից 10-ը Ուկրաինայի քաղաքացիներ են, ինչպես նաեւ Հայաստանի 130 քաղաքացի: Նշվում է նաեւ, որ Կիևից Երևան են մեկնել հիմնականում Իրանի քաղաքացիներ:

Բոլոր ուղևորները անցել են ջերմաստիճանի ստուգման ընթացակարգը. ժամանածների շրջանում բարձր ջերմաստիճանով կամ ինքնազգացողության հետ կապված բողոքներ ունեցողներ չեն եղել: Կարանտինն անցնելու համար չվերթի ուղեւորներն ընտրել են ինքնամեկուսացումը՝ «Дій вдома» հավելվածի օգնությամբ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Օդեսայում կայացած համաժողովի ժամանակ Ուկրաինայի Հայերի միությունը քննարկել է Հայաստանին օգնելու հնարավոր տարբերակները: ՈւՀՄ ղեկավար Վիլեն Շատվորյանը իրազեկել է ներկաներին համապատասխան կառույցների հետ Հայաստանին օգնություն ցուցաբերելու տարբերակների մասին խորհրդակցությունների վերաբերյալ նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում։

Հաղորդվել էր նաև Ուկրաինայի հայ բժիշկների միության (OAMU) ստեղծման մասին՝ Ուկրաինայի հայերի միության նախաձեռնությամբ: