FreeStyle

Կիև-Երևան-Կիև տարհանման հինգերորդ չվերթով փոխադրվել է 275 ուղևոր

SkyUp ավիաընկերության հինգերորդ տարհանման չվեչթով Հայաստանից Ուկրաինա 182 ուղեւոր է ժամանել, իսկ 93 ուղեւոր նույն չվերթով մեկնել է Կիեւից, հայտնում է AnalitikaUA.net-ը:

Ինչպես պարբերականին հայտնել են ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանատանը, Երեւանից Կիեւ չվերթով 182 ուղեւոր է թռել, որից 65-ն Ուկրաինայի քաղաքացիներ են, ինչպես նաեւ՝ ՀՀ 115 քաղաքացի եւ Մոլդովայի 2 քաղաքացի, ովքեր Ուկրաինա մուտք գործելու իրավունք ունեն:

Ուղեւորներն անցել են ջերմաստիճանի ստուգման ընթացակարգը. ժամանածների շրջանում բարձր ջերմաստիճանով կամ ինքնազգացողության հետ կապված բողոքներ ունեցողներ չեն եղել: Կարանտինն անցնելու համար չվերթի ուղեւորներն ընտրել են ինքնամեկուսացումը՝ «Дій вдома» հավելվածի օգնությամբ:

Առցանց պարբերականը հայտնում է, որ հունիսի 3-ից 15-ն ուկրաինական ավիաընկերություններն ավելի քան 30 տարհանման չվերթ կիրականացնեն տարբեր երկրներից Ուկրաինայի քաղաքացիների վերադարձի կազմակերպման շրջանակներում: Դրանք կիրականացնեն МАУ եւ SkyUp ընկերությունները:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ մայիսի 18-ին Հայաստանից Ուկրաինա տարհանման չորրորդ թռիչքով 76 ուղեւոր է տեղափոխվել, մինչ այդ երրորդ չվերթով՝ մայիսի 10-ին, ժամանել էր 80 ուղեւոր:

Պարբերականը նաեւ հիշեցնում է, որ ուկրաինական SkyUp ավիաընկերությունն ապրիլի 28-ին իրականացրել էր Կիեւ-Երեւան-Կիեւ չարտերային չվերթը, որը երկու երկրների մոտ 300 քաղաքացու էր տեղափոխել: Թռիչքի բոլոր ծախսերը հոգացել է «Ուկրաինայի հայերի միություն» կազմակերպությունը՝ Վիլեն Շատվորյանի գլխավորությամբ:

Ուկրաինական ավիաընկերությունն առաջին չվերթը Երեւանից իրականացրել էր մարտի 25-ին: Այդ ժամանակ տեղափոխվեց 92 մարդ՝ Ուկրաինայի եւ ՀՀ քաղաքացիներ, ովքեր բնակության թույլտվություն ունեն Ուկրաինայում: Նշվում էր, որ չվերթը կայացել է Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուլեբայի եւ ուկրաինացի դիվանագետների ջանքերի շնորհիվ: