FreeStyle

Ուկրաինայի նախագահի կայքում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչ անող խնդրագիր է հրապարակվել

Ուկրաինայի նախագահի կայքում հրապարակվել է խնդրագիր, որով կոչ է արվում ճանաչել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը:

«Հարգելի Վլադիմիր Ալեքսանդրովիչ, դիմում եմ Ձեզ՝ ողջ հայ ժողովրդին ճշմարտության եւ պատմական արդարության հարյուրամյա պայքարում աջակցելու խնդրանքով»,- գրում է խնդրագրի հեղինակը՝ «Մոնս Պիուս» հասարակական կազմակերպության ղեկավարը, հայտնում է AnalitikaUA.net-ը:

«Ազգերի հետապնդումները, ճնշումները եւ զանգվածային սպանությունները՝ ռասայական, կրոնական կամ ցանկացած այլ հիմքով, հանցագործություն են մարդկության դեմ եւ չունեն վաղեմության ժամկետ: Նման գործողությունները պետք է համարժեք գնահատվեն ողջ քաղաքակիրթ աշխարհի կողմից, որպեսզի թույլ չտրվեն նման ողբերգություններ ապագայում:

Այս հարցը շատ ավելի է բարձր է բոլոր քաղաքական շահերից՝ խոսքը այն արժեքների մասին է, որոնց հիման վրա դաստիարակվելու են հաջորդ սերունդները, որոնցից կախված կլինի անվտանգությունը, բարեկեցությունը եւ միլիարդավոր մարդկանց ազատ զգալու հնարավորությունը: Համոզված եմ, որ նման կողմնորոշումները մոտ են ողջ ուկրաինական ժողովրդին եւ անձամբ Ձեզ:

Հենց այդ պատճառով կոչ եմ անում Ձեզ պետական մակարդակով անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել՝ 1915-1922 թվականներին Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային բնաջնջումը որպես հայ ժողովրդի ցեղասպանություն եւ ապրիլի 24-ը այդ ողբերգական իրադարձությունների զոհերի հիշատակի օր ճանաչելու համար»,- ասվում է խնդրագրում:

Ըստ պարբերականի, Ուկրաինայի հայերի միության գործադիր տնօրեն Հովակիմ Հարությունյանը սոցիալական ցանցի իր էջում գրել է, որ երբեմն գալիս է մի ժամանակ, երբ ուզում եք բարձրաձայն խնդրել բոլորին միավորվել: «Միավորվեք հանուն արդարության, ճշմարտության և պատվի»: