FreeStyle

Մենք պետք է աջակցենք Հայաստանի հետ բարեկամական հարաբերություններին. Դարյա Վոլոդինա

Ուկրաինան շատ ջերմ է վերաբերվում Հայաստանին, որովհետև Ուկրաինայում հսկայական հայկական համայնք է ապրում՝ կես միլիոնից ավելի, ասել է ՍիվիլՆեթի Ստելլա Մեհրաբեկյանի հետ հարցազրույցում Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր, Ուկրաինա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի փոխնախագահ Դարյա Վոլոդինան:

«Այդ համայնքը շատ բարեկամորեն է վերաբերվում Ուկրաինային, նրա քաղաքացիներին։ Մենք դա գնահատում ենք։ Շատ սոցիալական ծրագրեր են իրականացվում Ուկրաինայում հայերի միության հետ։ Ես ոչ մեկից՝ ո՛չ գործընկերներից, ո՛չ ծանոթներից, չեմ լսել հայ ազգի, Հայաստանի մասին բացասական կարծիք։ Բոլորը շատ ջերմ և բարեկամական են տրամադրված», — ասաց նա։

Անդրադառնալով Հայաստանի հետ հարաբերությունների թեմային պատգամավորը ասաց, որ պետք է կառուցենք ճիշտ տնտեսական ռազմավարություն:

«Ես կարծում եմ, որ մենք պետք է աջակցենք Հայաստանի հետ բարեկամական հարաբերություններին, կառուցենք ճիշտ տնտեսական ռազմավարություն։ Դրանով քչերն են զբաղվել։ Հայաստանից Ուկրաինա եկավ բարեկամական խումբ, խորհրդարանի ներկայացուցիչներ։ Մենք մի քանի արդյունավետ հանդիպում անցկացրինք, քննարկեցինք հարցեր, որոնք կարող են ապագա համագործակցության համար ընդհանուր դառնալ։ Ես վստահ եմ, որ այդ համագործակցությունը հեռանկարային է, որ այն կարող է օգուտ բերել երկու երկրներին, և ես հույս ունեմ, որ մենք կամրապնդենք մեր այդ համաձայնությունները և պայմանավորվածությունները մեր՝ Հայաստան այցով, որը, հույս ունեմ, տեղի կունենա ամռանը», — ընդգծել է Վոլոդինան։

Մանրամասները՝ տեսանյութում: