logo
Главная » 2018 » Декабрь » 14 » Ուկրաինայից Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը աճում է․ դիվանագետ
03:23
Ուկրաինայից Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը աճում է․ դիվանագետ

«Ուկրաինայից Հայաստան եկող զբոսաշրջիկների թիվը վերջին տարիներին կայուն աճ է գրանցում։ Այս փաստը խոսում է Հայաստանի պատմության, մշակույթի և խոհանոցի հանդեպ ուկրաինացիների աճող հետաքրքրության մասին, և բարեբախտաբար, այն կախված չէ ներկա քաղաքական կոնյունկտուրաից», – AnalitikaUA.net - ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության ժամանակավոր հավատարմատար Հայկ Հակոբյանը:

Անդրադառնալով երկու երկրների միջեւ առևտրատնտեսական հարաբերություններին՝ Հակոբյանը նշել է, որ վերջերս Ուկրաինայի և Հայաստանի միջև առևտրի ծավալները նվազել են, և դրա համար կան օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ: «Նախ դա կապված է 2014-ից հետո Ուկրաինական տնտեսության լուրջ անկման և հաստատված կապերի ընդմիջման հետ: Հուսով եմ, որ առաջիկա տարիներին մենք կարձանագրենք տնտեսական հարաբերությունների աճի դրական դինամիկա», – ասել է նա:


Դիվանագետը համոզված է, որ միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների վերսկսումը, երկկողմ այցերը, Հայաստանում Ուկրաինայի նորանշանակ դեսպան պարոն Լիտվինի աշխատանքը և Ուկրաինայում Հայաստանի նոր դեսպանի նշանակումը կարճ ժամանակահատվածում դրականորեն կփոխեն իրավիճակը։

«Հայ-ուկրաինական երկկողմ հարաբերությունները շատ մեծ պոտենցիալ ունեն, քանի որ Հայաստանը և Ուկրաինան ուղղակի «դատապարտված են» ունենալ ջերմ և վստահելի հարաբերություններ՝ հիմնված ընդհանուր քրիստոնեական, պատմամշակութային և բարոյաէթիկական հիմքի վրա: Մենք շատ լավ հասկանում և ընկալում ենք միմյանց, և դա ամենակարևորն է»:

Հայկ Հակոբյանը նաև բարձր է գնահատել համայնքի աշխատանքը՝ շեշտելով, որ Ուկրաինայի հայերի միության գործունեությունը պետք է գնահատել, առաջին հերթին, որպես Ուկրաինայում բնակվող հայերի համախմբման ամենակարևոր գործոն:

«Ուկրաինայի հայերի միության դերը դժվար է գերագնահատել: Իսկ ՈւՀՄ ղեկավար Վիլեն Շատվորյանի անձնական ներգրավվածությունը բոլոր նախագծերում և նախաձեռնություններում, և ոչ ստանդարտ մոտեցումը կազմակերպության առաջ ծառացած խնդիրներին, միանշանակ խթան են դառնում նոր ծրագրերի ու նախաձեռնությունների համար»:

Հիշեցնենք, որ 2018 թ․-ին լրանում է հայ-ուկրաինական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 100-ամյակը, իսկ օրեր առաջ Կիևի ամենաճանաչված հոգևոր եւ մշակութային կենտրոնը հայկական խաչքար է նվեր ստացել: 

Категория: Новости | Просмотров: 145 |