logo
Главная » 2018 » Август » 20 » Փորձագետ Դարյա Վոլոդինա․ «Այն, ինչ անում է Ուկրաինայի հայերի միությունը, ինձ շատ հարազատ է»
16:00
Փորձագետ Դարյա Վոլոդինա․ «Այն, ինչ անում է Ուկրաինայի հայերի միությունը, ինձ շատ հարազատ է»

Ձեզ ենք ներկայացնում հարցազրույց քաղաքական փորձագետ, վերլուծաբան, լրագրող և քաղտեխնոլոգ Դարյա Վոլոդինայի հետ։

Դարյա, պատմեք մի փոքր Ձեր մասին։

Ուրեմն սկսենք սկզբից։ Ես ծնվել եմ Դոնեցկի շրջանում։ Հայրս նույնպես ծնվել է Ուկրաինայում, բայց մանկության մի քանի տարիները անցկացրել է պապիս հետ Հայաստանում, Վանաձորում։ Կիև տեղափոխվել ենք 2004-ին, այստեղ ես ավարտել եմ դպրոցն ու համալսարանը, ստացել եմ երկու բարձրագույն կրթություն և մեկ տարի էլ սովորել եմ Ուկրաինայի դիվանագիտական ակադեմիայում։ Բայց աշխատել սկսել եմ դեռ 15 տարեկանում՝ որպես լրագրող։ Անկեղծ ասած դրանով ես դեմ գնացի հորս կարծիքին, նա առհասարակ չէր ուզում,որ աշխատեի, դրա կարիքը չկար։ Ես հասցրեցի աշխատել ռադիոյում որպես ռադիահաղորդավար, մեկնեցի Փարիզ՝ աշխատելու ռուսալեզու “2Capitales” ռադիոյում։ Իսկ 5 տարի առաջ ես սկսեցի ակտիվորեն զբաղվել հանրային կապերով (PR), մեկ տարի անց անցա քաղաքական փիարի և 2 տարի առաջ հիմնեցի իմ ընկերությունը, որը զբաղվում է խորհրդատվությամբ և տրամադրում է գովազդային ծառայություններ։ Սա համառոտ իմ կյանքի վերջին 10 տարիների մասին։

Ի՞նչը Ձեզ գրավեց Ձեր մասնագիտության մեջ, ինչո՞ւ հենց քաղաքական փորձագետ կամ վերլուծաբան։

Գիտեք ես միշտ ուզեցել եմ մի փոքր գոնե փոխել աշխարհը դեպի լավը և ինչ-որ փուլում ինձ թվաց, որ 4-րդ իշխանությունը հենց այն մարդիկ են, որոնք կարծիք են ձևավորում, որոնք կարող են պատմել ճշմարտությունը և տեղ հասցնել գաղափարներ։ Ժամանակի հետ ես հասկացա, որ կա գործընթացների վրա ազդելու ավելի գլոբալ տարբերակ։ Ցավոք, ուկրաինացի քաղաքական գործիչների մեծամասնությունը իրականությունից կտրված է և լիարժեք պատկերացում չունեն, թե ինչ է կատարվում երկրում։ Որպեսզի իմանաս երկրիդ ու ժողովրդիդ պահանջները, պետք է գոնե երբեմն մետրոյով երթևեկել, գնալ գյուղեր, փորձել ապրել նվազագույն աշխատավարձով կամ թոշակով։ Ես շատ մտքեր ունեմ, թե ինչպես և ինչ պետք է անել, որպեսզի մեր երկրում կյանքը բարելավվի։ Ես բարեգործությամբ զբաղվում եմ 18 տարեկանից՝ այցելում եմ մանկատներ, հիվանդանոցներ, ինտերնատներ։ Ես շատ լավ հասկանում եմ, թե ինչ խնդիրներ կան տարբեր ոլորտներում։

Իսկ բացի քաղաքականությունից ի՞նչ հետաքրքրություններ ունեք։

Դա արդեն առանձին հարցազրույցի թեմա է (ծիծաղում է)։ Ես երկար ժամանակ երգում էի եկեղեցական երգչախմբում, բալետ էի պարում, լողով էի զբաղվում։ Հիմա դաշնամուր եմ նվագում, ձիավարում եմ, դայվինգով և կրակամարտով եմ զբաղվում։ Վերջինը, որ բացահայտել եմ ինձ համար վեյքսերֆինգն է։ Նաև, երբ ոգեշնչում ունեմ, հաճույքով նկարում եմ։

Ի՞նչ եք նկարում։

Իմ բոլոր նկարները նվիրում եմ ընկերներիս։ Ինչ-որ փուլում ինձանից սկսեցին պատվիրել գողանկարներ, և ես հասկացա, որ հավանաբար ինչ-որ բան ստացվում է (ծիծաղում է)։ Բայց, անկեղծ ասած, պատվերով նկարելն ինձ համար շատ դժվար է, քանի որ այն մասնագիտություն չէ, այլ հոբբի։ Ի դեպ, հոբբիների մասին, մոռացա նշել, որ շատ սիրում եմ ճանապարհորդել։ Արդեն մոտ 34 երկրում եմ եղել և հաստատ այդքանով չեմ սահմանափակվի։ Մի խոսքով՝ իմ հետաքրքրասիրությունը և կյանքի հանդեպ անհագ ծարավը ինձ շատ անգամ մղել են խենթությունների։

Որքա՞ն հաճախ եք այցելում Հայաստան:

Ուզում եմ այցելել մոտ ժամանակներս, որովհետև դա ինձ համար իսկապես չեկփոինթ կլինի՝ գնալ Հայաստան, սովորել հայերեն, ծանոթանալ իմ բոլոր հայ ազգականներին, որոնք, ինչպես պարզվեց, շատ են: Բայց իմ ճանապարհորդություններում, որտեղ էլ լինեմ, ես փորձում եմ այցելել հայկական վանքեր, մասնակցել պատարագին։ Չնայած նրան, որ ամբողջ կյանքս ապրել եմ Ուկրաինայում, ինձ համար այդ ամենը շատ թանկ ու հարազատ է։ Երևի արյանը չես խաբի։

Եկեք խոսենք Ձեր հայկական արմատների մասին։ Ի՞նչ գիտեք նրանց մասին, ծնունդով որտեղի՞ց են Ձեր նախնիները։

Իմ ունեցած տվյալներով Վանաձորից են, բայց թե որտեղից են եկել Վանաձոր, չգիտեմ։ Պապիկս ասում է, որ ճյուղերից մեկը Լեռնապատից է։ Շատ լավ հիշում եմ խնջույքները պապիս տանը, երբ ամբողջ ընտանիքով հավաքվում էինք սեղանի շուրջ։ Շատ հայկական արժեքներ՝ հատկապես ընտանեկան, ինձ շատ հարազատ են։ Ինձ թվում է, որ այդ ավանդույթների պահպանումը մեծ դեր ունի ապագա սերունդների դաստիարակման գործում։

Այս տարի լրանում է հայ-ուկրաինական դիվանագիտական հարաբերությունների 100 տարին։ Զարգացման ի՞նչ հեռանկարներ եք տեսնում։

Ես կարծում եմ, որ մեր երկրների միջև հարաբերությունները կարող էին ավելի խորը լինել։ Մենք համագործակցության շատ առանցքներ ունենք՝ տնտեսական, սոցիալական։ Սա պարզապես պետք է պարբերաբար եւ համակարգված կերպով կատարվի: Երկու երկրներն էլ հետխորհրդային երկրներ են, եւ երկու երկրներն էլ անկախանալու բավականին ծանր ճանապարհ են անցնում։ Հիմա ինչ-որ առաջընթաց կա համագործակցության մեջ և ես հուսով եմ, որ այն շարունակական կլինի։

Ի՞նչ կասեք Ուկրաինայում հայկական համայնքի մասին, ծանո՞թ եք Ուկրաինայի հայերի միության գործունեությանը։

ՈՒՀՄ-ի գործունեությանը հետևում եմ նորություններով։ Այն,ինչ անում է ՈՒՀՄ-ն, ինձ շատ հարազատ է, մասնավորապես բարեգործությունները։ Կարող եմ միանալ հպարտանալ։

2015թ․ դեկտեմբերին ՈՒՀՄ պատմամշակութային հանձնաժողովի կազմում ստեղծվել է քաղաքացիական պլատֆորմ՝ «Ուկրաինայի հայերը»։ Նախագծի շրջանակներում սփյուռքի հայ հայտնի ներկայացուցիչները մասնակցում են ՈւՀՄ միջոցառումներին։ Ծանո՞թ եք նախաձեռնությանը։

Հրաշալի գաղափար է։ Ինչքան հաճախ լինեն պլատֆորմայի մասնակիցների հանդիպումները, այնքան ամուր կլինի հայերի միությունը Ուկրաինայում։ Բացի դրանից, այդ հանդիպումների շրջանակներում կարել է նեթվորքինգներ անցկացնել, նոր կապեր ստեղծել, որոնք կօգնեն իրականացնել նախագծեր հետագայում։ Ինչքան շատ ոչ անտարբեր, նախաձեռնող մարդկանց ներգրավի միությունը, այնքան արդյունավետ կլինեն այդ հանդիպումները։ Ես մեծ հաճույքով պատրաստ եմ միանալ այդ նախագծին։

Զրուցեց Լևոն Բաղդասարյանը

Категория: Новости | Просмотров: 118 |